ISSN 0135-0536
Գլխավոր խմբագիր
Անուշավան Զաքարյան
Բ.գ.դ., Երևան, Հայաստան
Հայ պարբերական մամուլի բազմադարյան պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես»-ն (ՊԲՀ) իր ուրույն տեղն ունի: 61 տարի շարունակ, անցնելով գիտահետազոտական, գիտակազմակերպչական և գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի, պարբերականը դարձել է հայագիտության ամենահեղինակավոր հանդեսներից մեկը, գիտական կադրերի պատրաստման հայտնի դարբնոց, հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված բազմաբովանդակ խնդիրները: 1950-ական թվականների կեսերից Խորհրդային Միությունում սկսված քաղաքական ձնհալը, նախորդ տասնամյակներում սկիզբ առած տնտեսության աճը, ժողովրդի ընդհանուր մակարդակի վերելքը` դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական հիմնարկների լայն ցանցի ստեղծումը, նպաստավոր պայմաններ էին ապահովում գիտությունների, այդ թվում նաև հայագիտության առաջընթացի համար: Պատմաքաղաքական նման բարենպաստ պայմաններում միայն հնարավոր դարձավ 1958 թ. իրագործել հայագիտական նոր պարբերականի հիմնադրումը` Հայաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության և անվանի հայագետների ջանքերով: Հայաստանի ԳԱ նախագահության որոշմամբ ստեղծված պարբերականի խմբագրական կոլեգիայի կազմի մեջ ընդգրկվեցին նշանավոր պատմաբաններ ու բանասերներ Աշ. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Լ. Խաչիկյանը, Բ. Առաքելյանը, Ա. Ղարիբյանը, Ս. Արևշատյանը և այլք: Հանդեսի գլխավոր խմբագիր նշանակվեց անվանի պատմաբան, ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Մ. Ներսիսյանը, որը շուրջ 40 տարի անընդմեջ ղեկավարեց հանդեսի աշխատանքները: Հետագա տարիներին հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմը համալրվում ու թարմացվում է նոր անդամներով` հայագետներով ու արևելագետներով` Բ. Պիոտրովսկի, Ի. Աբուլաձե, Վ. Բընըցյանու, Ա. Ղանալանյան, Կ. Ղաֆադարյան, Գ. Ջահուկյան, Էդ. Ջրբաշյան, Գ. Սարգսյան, Գ. Բրուտյան, Էմ. Պիվազյան, Հր. Բարթիկյան և ուրիշներ: Հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մ. Ներսիսյանի մահից հետո այդ պաշտոնը 1999 թ. վստահվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, նշանավոր հայագետ Վ. Միքայելյանին: Վերջինիս մահից հետո` 2005 թ., հանդեսի մեկ համար լույս է տեսել պ. գ. դ. Պ. Մուրադյանի, մեկն էլ` Հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, բ. գ. դ. Ա. Զաքարյանի խմբագրությամբ: 2006 թ. հանդեսի գլխավոր խմբագիր է ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայտնի բանագետ-բանասեր Ս. Հարությունյանը: 2018 թ. հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՊԲՀ-ի խմբագրական խորհրդի նախագահ նշանակեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանին, իսկ գլխավոր խմբագիր՝ բ. գ. դ. Ա. Զաքարյանին: Հանդեսի առաջին համարից ձևավորված և տարիներ ի վեր նույնությամբ պահպանված բովանդակային կառուցվածքը` բաժիններն ու ենթաբաժինները («Հոդվածներ», «Հաղորդումներ», «Բանավեճեր», «Պատմամշակութային ակնարկներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Սփյուռքահայ կյանք», «Մեր հոբելյարները», «Լրատու», «Գիտական ինֆորմացիա»), հետագայում ենթարկվել է որոշ լրացումների ու ճշգրտումների: Պարբերականում նյութերը հրատարակվում են հայերեն և ռուսերեն` համապատասխան լեզուներով ամփոփումներով: Հետագայում դրանց կցվեցին անգլերեն լեզվով ամփոփումներ, որի շնորհիվ այդ նյութերի ընդհանուր բովանդակությունը մատչելի է դարձել օտարալեզու ընթերցողներին: 1500-2400 տպաքանակով երկլեզու պարբերականը հիմնադրման օրից տարածվում է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այսօր թեև նվազել է հանդեսի տպաքանակը (250 օրինակ), սակայն ինչպես և անցյալում հասնում է իր ընթերցողներին աշխարհի տարբեր ծագերում: Ի դեպ, մինչև 1990 թ. տարեկան հրատարակվել է հանդեսի 4 համար, 1991- 1997 թթ.` 1 կամ 2 համար, մինչև 2000 թ. եղել են միացյալ համարներ, իսկ 2000 թ. ՊԲՀն եռամսյայից վերածվեց քառամսյա հանդեսի, և առ այսօր տարեկան հրատարակվում է 3 համար: 61 տարիների ընթացքում լույս է տեսել «Պատմաբանասիրական հանդես»-ի 211 մեծադիր համար` յուրաքանչյուրը 15-20 մամուլ ծավալով, միջին հաշվով ամեն համարում զետեղվել է 25 անուն նյութ, այսինքն` իր գոյության ընթացքում այստեղ տպագրվել է շուրջ 5.800 տպագիր միավոր: 1983 թ. հայերեն և ռուսերեն, իսկ 2009 թ. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով լույս են տեսել ՊԲՀ-ի 1958-1982 և 1983-2007 թթ. մատենագիտական ցանկերը: Ցանկերում թվարկված հրապարակումների քանակը` համապատասխանաբար՝ 2828 և 1909 միավոր, ներկայացնում է կես դարի ընթացքում հայագիտական և դրան աղերսվող գիտական այլ բնագավառների զարգացման ուղղություններն ու գիտահետազոտական գործընթացները: Ի դեպ, ՊԲՀ-ի 1983-2007 թթ. մատենագիտական ցանկը տպագրվել է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի միջոցներով (հայկական բաժանմունքի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Զ. Եկավյան): ՊԲՀ-ի էջերում հայ և այլազգի մասնագետների կողմից հայերեն ու ռուսերեն հրատարակվել են հոդվածներ, հաղորդումներ և գիտատեղեկատվական նյութեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների պատմության, գրականության, լեզվի, հնագիտության, վիմագրության, բանահյուսության, ազգագրության, փիլիսոփայության, իրավունքի, արվեստների, ճարտարապետության ամենատարբեր խնդիրների քննությանը, ինչպես նաև Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանում կատարված գիտական ու մշակութային կարևոր իրադարձություններին, հայագիտական հրատարակություններին: Այն համակողմանիորեն լուսաբանել է նաև հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը: Այս ամենը զուգակցվել է հարևան երկրների ու ժողովուրդների հետ ունեցած փոխառնչություններով և կապերով: Հանդեսը ծանրակշիռ ներդրում ունի արևելագիտական, կովկասագիտական, բյուզանդագիտական ուսումնասիրությունների ասպարեզում: Ընդհանուր մշակութաբանական և պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ևս մշտապես գտնվել են հանդեսի ուշադրության կենտրոնում, որով առավել ընդլայնվել է նրա գիտական տեսադաշտը` այն դարձնելով լայն ընդգրկումների պարբերական: Այս տեսակետից դարձյալ հարուստ են հրապարակումների, գրախոսությունների և գիտական տեղեկատվության բաժինները, ուր պարբերաբար հրատարակվում են գիտության և մշակույթի ականավոր դեմքերի անտիպ նամակներ, աշխատություններ, արխիվային տարբեր բնույթի վավերագրեր, աշխարհում հայագիտական, արևելագիտական և ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարևոր հրատարակությունների մասին գրախոսականներ: Միանշանակ կարելի է արձանագրել, որ Հանդեսում տպագրված նյութերն առանձնանում են աղբյուրագիտական և պատմագիտական հարուստ ու բազմաշերտ հենքով: Հանդեսի գործունեությանը տարբեր տարիների իրենց ակտիվ մասնակցությունն են բերել Անդրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, Ամերիկայի հայ ու այլազգի բազմաթիվ գիտնականներ: Այսպես, օտարազգի գիտնականներից հանդեսին աշխատակցել են Բուլղարիայից Դ. Անգելովը, Վ. Գյուզելևը, Չեխոսլովակիայից` Լ. Մոտալովան, Ռումինիայից` Վ. Բընըցյանուն (երկար տարիներ եղել է նաև խմբագրական կոլեգիայի անդամ), Իտալիայից` Ջ. Բոնֆանտեն, Վ. Պիզանին, Պ. Կունեոն, Ա. Ալպագո-Նովելլոն, Ֆրանսիայից` Ֆ. Ֆեյդին, Ժ.-Պ. Մահեն, ԱՄՆ-ից` Ռ. Թոմսոնը, Ջ. Գրեպինը, Ռ. Յակոբսոնը, Հոլանդիայից` Ս. Մայքլը, Մ. Սթոունը, Բելգիայից` Ջ. Վայտենբերգը, Հունգարիայից` Է. Շյուցը, Ժ. Տրոչանին, Գերմանիայից` Հ. Վալտեր Պոլը, Ռուսաստանից` Վ. Տոպորովը, Օ. Շիրոկովը, Տ. Իզմայլովան, Ա. Տերեշչենկոն, Ուկրաինայից` Ի. Կրիպյակևիչը, Ն. Ռաշբան, Ս. Ավերբուխը, Ա. Զինչենկոն, Ս. Յա. Դաշկևիչը, Վրաստանից` Ի. Աբուլաձեն (եղել է նաև խմբագրական կոլեգիայի անդամ), Դ. Չխիկիշվիլին, Գ. Մելիքիշվիլին, Հյուսիսայի Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունից՝ Վլ. Բեսոլովը, Իրանից՝ Մ. Մալեք Մոհամմեդին, Ա. Յահյամասիհին, Թուրքիայից՝ Բ. Բիլմեզը և շատ ուրիշներ: Պարբերականում հանդես են եկել նաև ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի գրեթե բոլոր հայ անվանի հայագետները: Հեղինակների նման մեծ ընդգրկումը մի կողմից վկայում է հանդեսի միջազգային լայն ճանաչման, մյուս կողմից` նրա գիտական բարձր վարկի ու հեղինակության մասին: Վերջինս իր արտահայտությունն է գտել նաև տարբեր երկրներից մեծահամբավ գիտնականների պարբերականի խմբագրությանը հղած նամակների բարձր գնահատականներում: Հանդեսի դերակատարությունը բարձր են գնահատել Հ. Օրբելին, Վ. Մինորսկին (Լոնդոն), Կ. Մելիք-Օհանջանյանը, Հ. Սիրունին (Բուխարեստ), Հ. Արմենը, Հ. Շալյանը (ԱՄՆ), Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների ներկայացուցիչները և շատ ուրիշներ: Ի մի բերելով «Պատմաբանասիրական հանդես»-ի անցած ավելի քան վեց տասնամյակների գործունեությունը` կարելի է վստահաբար արձանագրել. ՀՀ ԳԱԱ հայագիտական այս պարբերականն իր շուրջն է համախմբել մայր հայրենիքի և արտասահմանյան մեծաթիվ հայագետների, արդյունավետ աշխատանք է կատարել իր ծրագրային նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար: Այս առումով հատկապես գնահատելի է հանդեսի գիտակազմակերպչական նշանակությունը, քանզի պարբերականի խմբագրությունն (աշխատակիցների բազմամյա փորձ- առությունը, հաստատուն ավանդույթները, հայագիտական նվաճումներն ընթերցող լայն հասարակությանը հավուր պատշաճի ներկայացնելու կարողությունը) անտրտունջ կազմակերպել, ընթացք և ուղղություն է տվել հայագիտական մտքի զարգացմանը: Բարձրագոչ չի հնչի, եթե նշվի, որ հայագետների մի քանի սերունդներ իրենց ինքնահաստատումն են գտել հենց այս հանդեսի էջերում: ՊԲՀ-ն դարձել է հայագիտական մեծահամբավ պարբերական և համընդհանուր ճանաչում ձեռք բերել մեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Անհնար է պատկերացնել հայագիտությունն առանց այս հանդեսի: Ներկայումս, անկախ պետականության պայմաններում, երբ հայագիտության հարգը Հայաստանի Հանրապետությունում խիստ բարձրացել և դարձել է պետական-քաղաքական ու ազգային անվտանգության կողմնորոշիչներից մեկը, կարծում ենք, պետք է ընթացք տալ նաև խմբագրության աշխատանքների նորոգ վերընթացին և բարոյական ու ֆինանսական առումով պետական հոգածությանը:
Աշոտ Մելքոնյան
«Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրական խորհրդի նախագահ,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Անուշավան Զաքարյան
«Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիր,
բանասիրական գիտությունների դոկտոր
© 2022 ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ